Версия статьи 2024.115.0

Volvo Cars հավելվածի Գաղտնիության մասին ծանուցում

Ուժի մեջ է սկսած՝

Հրապարակված է՝

Այս փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես է Volvo Cars-ը (ինչպես սահմանված է ստորև) և, երբեմն, այլ կազմակերպությունները մշակում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք օգտագործում եք Volvo Cars բջջային հավելվածը (այսուհետ՝ «Volvo Cars հավելված»), որն ապահովում է կապը Ձեր Volvo մեքենայի հետ:

Volvo Cars հավելվածն ունի մի քանի գործառույթներ, որոնք կատարում են տարբեր տեսակի անձնական տվյալների մշակում՝ ինչպես նկարագրված է ստորև: Ձեր շուկայից և բաժանորդագրության տեսակից կախված՝ այդ գործառույթները կարող են խմբավորվել հետևյալ կերպով.

  • Volvo Cars ծառայություններ – ներառում է 2.1 (Երբ Դուք օգտագործում եք Volvo Cars հավելվածը), 2.2 (Volvo Cars մեքենայի հեռակա ծառայություններ), 2.3 (Ուղևորության տվյալների գրանցամատյան), 2.4 (Ավտոմեքենայի համատեղ օգտագործում Հյուրի գործառույթներով), 2.5 (Հավելվածի վերլուծական տվյալներ), 2.6 (Հետազոտություն և մշակում), 2.7 (Volvo Cars հավելվածի Ձեր բաժանորդագրությունը) բաժիններում նշված ասպեկտները:

Ստորև կարող եք գտնել հետևյալ տեղեկությունները՝

1. Ով է պատասխանատու Ձեր անձնական տվյալների մշակման համար

Volvo Cars հավելվածում Ձեր անձնական տվյալների մշակման համար պատասխանատվությունը բաշխվում է հետևյալ կերպով.

  • Volvo Cars մեքենայի հեռակա ծառայությունների, Ուղևորության տվյալների գրանցամատյանի, Հյուրի գործառույթներով ավտոմեքենայի համատեղ օգտագործման, Հավելվածի վերլուծական տվյալների, ինչպես նաև Հետազոտության և մշակման առնչությամբ անձնական տվյալների հիմնական մշակման պատասխանատու է հանդիսանում Volvo Car Corporation ընկերությունը, որի գրանցված իրավաբանական հասցեն է Assar Gabrielssons Väg, SE-405 31, Gothenburg, Sweden, իսկ ընկերության գրանցման համարը՝ 556074-3089, այսուհետ՝ «Volvo Cars»:

2. Ինչ անձնական տվյալներ են հավաքագրվում, ինչու և որքան ժամանակ են պահպանվում

Ինչպես նախկինում արդեն նշվել էր, Volvo Cars հավելվածն ունի մի շարք գործառույթներ, որոնք կախված են մեքենայի մոդելից և շուկայից, ուստի հնարավոր է, որ ստորև նկարագրված որոշ գործառույթներ Ձեր նկատմամբ կիրառելի չլինեն:

2.1 Երբ Դուք օգտագործում եք Volvo Cars հավելվածը

Երբ Դուք օգտագործում եք Volvo Cars հավելվածը, մենք ավտոմատ կերպով հավաքում ենք տվյալներ Ձեր կողմից Volvo Cars հավելվածի օգտագործման մասին՝ դրա աշխատանքը վերահսկելու և, անհրաժեշտության դեպքում, խափանումների շտկմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք տարբեր տեղեկություններ, ինչպիսիք են սարքի մասին տեղեկատվությունը (օրինակ՝ սարքի արտադրող, հավելվածի տեղադրման ID), մեքենայի մասին ընդհանուր տեղեկատվությունը (օրինակ՝ մեքենայի մոդելը և տեսակը, արտադրության տարեթիվը, օգտատիրոջ երկիրը) և օգտագործման տվյալները (օրինակ՝ սեղմումներ, դիտումներ և պոտենցիալ խնդիրներ կամ սխալներ)։ Այս մշակումն անհրաժեշտ է Ձեզ անվտանգ և աշխատող Volvo Cars հավելված տրամադրելու մեր օրինական շահն ապահովելու համար։ Այս նպատակով օգտագործվող տեղեկատվությունը պահպանվում է հավաքագրման պահից 30 օրվա ընթացքում։

2.2 Volvo Cars մեքենայի հեռակա ծառայություններ

Մենք հավաքագրում ենք նույնացուցիչներ (օրինակ՝ Ձեր անուն և ազգանունը, հեռախոսահամարը, Volvo ID-ն (էլ. հասցեն), ավտոմեքենայի նույնականացման համարը՝ «VIN», սարքի եզակի նույնացուցիչը և push-ծանուցման թոքենը) և գնումների պատմությունը (սեփականության ժամանակահատվածը, ծառայությունները, որոնց Դուք բաժանորդագրվել եք, Ձեր մեքենայի մոդելը և տարեթիվը և համապատասխան մեքենայի տեխնիկական բնութագրերը):

Մենք այդ տեղեկատվությունն օգտագործում ենք Volvo Cars մեքենայի հեռակա ծառայությունները մատուցելու համար, որոնք ներառում են, օրինակ, Ձեր մեքենան հեռակառավարելու ունակությունը (օրինակ՝ կլիմայական պայմանների նախնական կարգավորում, դռների ապակողպում/կողպում, հեռակա կարգով շարժիչի գործարկում/անջատում, ընթացիկ արտաքին ջերմաստիճանի ցուցադրում, առևանգման փորձի մասին ծանուցումների ստացում) և Ձեր մեքենայի կարգավիճակի դիտումը (օրինակ՝ վառելիքի մակարդակ, դիմապակու ապակեմաքրիչ հեղուկի մակարդակ, արգելակի հեղուկի մակարդակ, դռան փականի կարգավիճակ, անվադողի ճնշման և տեխսպասարկման մասին նախազգուշացումներ, մարտկոցի կարգավիճակ կամ մեքենայի կարգավիճակի այլ ցուցիչներ):

Մենք այս տեղեկատվությունն օգտագործում ենք նաև Volvo Cars հավելվածում Ձեր մեքենայի առաջիկա տեխսպասարկման աշխատանքների մասին push-ծանուցումների տեսքով հիշեցումներ ուղարկելու համար: Հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաների դեպքում մենք պահպանում ենք լիցքավորման կետերի մասին տեղեկատվությունը, ինչն օգնում է Ձեզ ավելի հարմարավետ եղանակով պլանավորել Ձեր մեքենայի լիցքավորման ժամանակացույցը: Մենք հավաքագրում ենք Ձեր մեքենայի գտնվելու վայրի, ինչպես նաև Ձեր բջջային սարքի գտնվելու վայրի մասին տեղեկությունները (Ձեր համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում), որպեսզի Դուք կարողանաք օգտագործել Volvo Cars հավելվածի քարտեզի գործառույթները, ինչպես նաև տեսնել Volvo մեքենայի նկատմամբ Ձեր հարաբերական դիրքը քարտեզի վրա:

Եթե մենք չենք խնդրում տրամադրել Ձեր համաձայնությունը որոշակի տվյալների մշակման համար, ապա պատճառն այն է, որ մենք այդ տվյալները մշակում ենք Ձեզ հետ կնքած պայմանագրի պահանջները կատարելու համար (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1. (b)):

Եթե Ձեր բջջային սարքի կարգավորումների միջոցով Դուք մեզ տրամադրեք Ձեր գտնվելու վայրի, օրացույցի և կոնտակտային տվյալների օգտագործման թույլտվություն, ապա մենք այդ տվյալները կմշակենք, որպեսզի Դուք կարողանաք հեշտությամբ ուղարկել Ձեզ համար հետաքրքրություն ներկայացնող վայրերի տվյալները Ձեր հեռախոսից դեպի ավտոմեքենա՝ կոնտակտային տվյալների, օրացույցային իրադարձությունների կամ որոնման արդյունքների հիման վրա: Տվյալների այս մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեր համաձայնությունը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.(a)):

Ծառայության հետ կապակցված տեղեկությունները, ներառյալ Ձեր անձնական տեղեկությունները, կջնջվեն Volvo Cars-ի բաժանորդագրության ավարտից իննսուն (90) օր հետո։ Խնդրում ենք հաշվի առնել, որ Volvo Cars-ի բաժանորդագրությունը կցվում է ավտոմեքենային, ուստի մեքենայի սեփականատիրոջ փոփոխության դեպքում Դուք՝ որպես վաճառող պարտավոր եք անջատել մեքենան հավելվածից և ապահովել Ձեր տվյալների հեռացումը: Դա վերաբերում է նաև գրանցված Հիմնական վարորդին՝ մեքենայի վարձակալության դեպքում: Անցեք այս հղումով՝ հրահանգներ ստանալու համար:

2.3 Ուղևորության տվյալների գրանցամատյան

Volvo Cars հավելվածը թույլ է տալիս Ձեզ վարել Ուղևորության տվյալների գրանցամատյան: Դա կարող է օգտակար լինել, եթե Դուք, օրինակ, ստանում եք փոխհատուցում կատարած ուղևորությունների համար: Ուղևորության տվյալների գրանցամատյանը պետք է ակտիվացվի Ձեր կողմից: Հակառակ դեպքում այն հնարավոր չի լինի օգտագործել և տվյալները չեն հավաքագրվի:

Եթե Դուք ակտիվացնեք Ուղևորության տվյալների գրանցամատյանը, մենք կհավաքագրենք Ձեր նույնացուցիչները (օրինակ՝ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն և VIN-ը), ինչպես նաև ավտոմատ կերպով, Ձեր մեքենայի տելեմատիկ համակարգի միջոցով, կհավաքագրենք մեքենայի գտնվելու վայրի մասին տեղեկությունները (մեկնարկի և ավարտի դիրքերը կամ շարունակաբար՝ մեքենայի ստորև նկարագրված տեսակից կախված)՝ յուրաքանչյուր ուղևորությունը նույնականացնելու համար, ներառյալ ուղևորությանն առնչվող տեղեկությունները (տևողությունը, տարածությունը, վառելիքի և/կամ էլեկտրաէներգիայի ծախսը, էլեկտրաէներգիայի գեներացումը՝ հիբրիդային մոդելի դեպքում) և վազքը: Բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների դեպքում ուղևորության տվյալների գրանցամատյանը պարունակում է միայն ուղևորության յուրաքանչյուր ցիկլի մեկնարկի և ավարտի դիրքերը: Սակայն հիբրիդային և երկշարժիչ մոդելների դեպքում ուղևորության տվյալների գրանցամատյանը ներառում է նաև Ձեր երթուղիների մասին տեղեկատվությունը:

Մենք այդ տվյալները մշակում ենք Ձեր համաձայնության հիման վրա (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.(a)):

Ուղևորության տվյալների գրանցամատյանի տվյալները, որպես կանոն, պահպանվում են 100 օր: Հատուկ դեպքերում, օրինակ՝ եթե մեքենան մասնակցում է Վերալիցքավորման ծախսերի փոխհատուցման ծրագրին, Ուղևորության տվյալների գրանցամատյանի տվյալները կարող են պահպանվել 500 օր:

Դուք կարող եք ցանկացած պահի ապաակտիվացնել Ուղևորության տվյալների գրանցամատյանը, որից հետո տվյալների հավաքագրումը կդադարեցվի: Սակայն դրա արդյունքում նախկինում հավաքագրված տեղեկատվությունն ավտոմատ կերպով չի ջնջվի:

2.4 Ավտոմեքենայի համատեղ օգտագործում Հյուրի գործառույթներով

Հյուրի գործառույթով ավտոմեքենայի համատեղ օգտագործման ծառայությունը Volvo Cars հավելվածի միջոցով օգտագործելիս՝ Volvo Cars-ը մշակում է հետևյալ անձնական տվյալները.

  1. Ձեր և Ձեր հյուրի Volvo ID-ն՝ նույնականացման և Ձեր անհատական կարգավորումներն առանձին պահպանելու հնարավորություն ունենալու նպատակով:
  2. Ձեր և Ձեր հյուրի բջջային հեռախոսահամարները՝ հյուրերին SMS-ի միջոցով հրավերներ ուղարկելու համար:
  3. Մեքենայի մոդելը, մոդելի տարեթիվը, մեքենայի գույնը, պետհամարանիշը և գտնվելու վայրը, որպեսզի Հյուրը կարողանա ավելի հեշտ գտնել ավտոմեքենան:
  4. Մեքենայի դռան փականի կարգավիճակը՝ մեքենան բացելու և կողպելու համար, ինչպես նաև համոզվելու համար, որ օգտագործելուց հետո մեքենան կողպվել է:
  5. Ուղևորության տվյալների գրանցամատյանի տվյալները հյուրի ուղևորությունների համար (միացնելու դեպքում) հասանելի են ինչպես Հյուրին, այնպես էլ Հիմնական վարորդին, մինչդեռ մեքենայի Ուղևորության տվյալների գրանցամատյանի բոլոր տվյալները հասանելի են միայն Հիմնական վարորդին:

Ձեր տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում մեր հետ կնքված պայմանագիրը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1. (b)), մինչդեռ հյուրի անձնական տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեզ ավտոմեքենայի համատեղ օգտագործման ծառայությունից օգտվելու հնարավորություն ընձեռելու մեր օրինական իրավունքը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1. (f)):

Մենք կպահպանենք այս անձնական տվյալները մինչև. 1) հյուրի հեռացումը հիմնական վարորդի կողմից, 2) Ուղևորության տվյալների գրանցամատյանի կանոններով սահմանված ժամկետի լրանալը կամ 3) բաժանորդագրության ավարտը՝ կախված նրանից, թե նշվածներից որը տեղի կունենա ավելի շուտ:

2.5 Հավելվածի վերլուծական տվյալներ

Մենք հավաքագրում ենք տեղեկություններ մեր հավելվածի օգտագործման եղանակների մասին, որպեսզի ավելի լավ հասկանաք օգտատիրոջ վարքագիծը, բարելավենք հավելվածի օգտագործման հարմարավետությունը և հուսալիությունը, ինչպես նաև ստանանք մանրամասն տեղեկատվություն ծառայությունների օգտագործման եղանակների մասին և բարձրացնենք այդ ծառայությունների Ձեր կողմից օգտագործման արդյունավետությունը: Այդ նպատակով մենք օգտագործում ենք Google Analytics-ը (սահմանափակ ռեժիմում) և մշակում ենք Ձեր սարքի ID-ն, սարքի IP հասցեն (որոնք հավաքագրելուց անմիջապես հետո դարձվում եմ անանուն), Volvo ID-ն և մեքենայի կապակցման կարգավիճակը:

Այդ տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում մեր հավելվածի և մեր ծառայությունների օգտագործման որակը և արդյունավետությունը բարելավելու մեր օրինական իրավունքը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.f):

Այս տվյալները պահպանվում են տասնչորս (14) ամիս՝ հավաքագրման պահից:

2.6 Հետազոտություն և մշակում

Հետազոտական և մշակման գործունեության իրականացման համար, մեր պրոդուկտների և ծառայությունների բարելավման եղանակները և նոր պրոդուկտների և ծառայությունների մշակման ուղիները ավելի լավ պատկերացնելու նպատակով, մենք օգտագործում ենք տվյալների վրա հիմնված մոտեցումները և օգտագործում ենք տվյալներ, որոնք վերաբերում են ավտոմեքենային (օրինակ՝ VIN), պրոդուկտին (օրինակ՝ Volvo Cars հավելվածի օգտագործում), հաճախորդին (օրինակ՝ Volvo ID) և վաճառքին (օրինակ՝ վաճառող կամ սպասարկող կազմակերպություն), որպեսզի տեղեկացնենք մեր պրոդուկտների և ծառայությունների զարգացման ուղղությունների մասին: Մշակումը կատարվում է մի շարք նպատակներով, որոնք ներառում են մեր վերլուծաբանների և տվյալների մշակման մասնագետների կողմից իրականացվող վերլուծությունները, մոդելավորումը և հետազոտական աշխատանքները:

Տվյալների այս մշակման համար իրավական հիմք է հանդիսանում մեր օրինական իրավունքը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.f): Հնարավորության դեպքում մենք վերլուծությունը կատարում ենք միայն անանուն և պսևդոանանուն դարձված տվյալների օգնությամբ: Մշակումը չի ներառում Ձեզ վերաբերող ավտոմատացված որոշումները:

Մենք այդ տվյալները պահպանում ենք տաս (10) տարի ժամկետով:

2.7 Volvo Cars հավելվածի Ձեր բաժանորդագրությունը

Եթե Դուք ունեք Volvo Cars մեքենայի հեռակա ծառայությունների բաժանորդագրություն, ապա կստանաք այդ ծառայությունը Volvo Cars հավելվածում շարունակելու հնարավորություն: Նման դեպքերում Ձեր բաժանորդագրությունը կառավարելու նպատակով մենք մշակում ենք Ձեր նույնացուցիչները (օրինակ՝ անունը և ազգանունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն, VIN-ը), Ձեր գնման կարգավիճակը և պատմությունը: Մեր կողմից Ձեր տվյալների մշակման նպատակն է կառավարել և վերահսկել Ձեր գնումը (գնելու պահից մինչև առաքումը), ներառյալ լիազոր մարմինների հետ բոլոր անհրաժեշտ շփումները՝ պաշտոնական հաշվետվություններ ներկայացնելու նպատակով, ուղեկցող ծառայությունների վերաբերյալ Ձեր հարցումների կառավարումը, առաքման վերահսկողությունը, ինչպես նաև Ձեր կողմից ձեռքբերված ծառայություններին վերաբերող թարմացումների մասին տեղեկությունների տրամադրումը: Ձեր վճարումները մշակելու համար մենք օգտվում ենք երրորդ կողմի վճարային համակարգերից, ինչը հանդիսանում է վերջիններիս կողմից Ձեր անձնական տվյալների առանձին մշակում: Վճարային համակարգերի մեր օպերատորների գաղտնիության քաղաքականության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ստորև՝ 3-րդ բաժնում:

Մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման իրավական հիմք է հանդիսանում այն, որ նման մշակումն անհրաժեշտ է Ձեզ հետ կնքված մեր պայմանագրի պահանջները կատարելու համար (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1. (b)):

Մենք Ձեր անձնական տվյալները կպահպանենք Ձեր Volvo Cars-ի բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո իննսուն (90) օրվա ընթացքում, ինչը մեզ թույլ կտա շարունակել ծառայության մատուցումը, եթե Դուք ցանկանաք կրկին բաժանորդագրվել: Բացի այդ, մենք արխիվացնում ենք Ձեր գնումներին վերաբերող տվյալները տաս (10) տարվա ընթացքում՝ հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ օրենսդրական պահանջները կատարելու նպատակով: Սա հանդիսանում է իրավական պարտավորություն (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1. (c)):

3. Ինչպես են համօգտագործվում Ձեր անձնական տվյալները

Volvo Car Corporation-ի կողմից անձնական տվյալների վերը նշված մշակումը ներառում է նաև երրորդ կողմերի հետևյալ կատեգորիաներին Ձեր անձնական տվյալների տրամադրումը անհրաժեշտության դեպքում.

Տվյալների մշակում մշակող կազմակերպությունների կողմից

Ստորև նշված են տվյալներ մշակող կազմակերպությունների կատեգորիաները, որոնք աջակցում են Volvo Cars հավելվածի միջոցով ծառայությունների մատուցմանը.

  • ամպային կապակցելիության ծառայության մատակարար,
  • տվյալների հոսթինգ,
  • push-ծանուցումներ,
  • էլ. նամակների ուղարկում,
  • չատի և հաճախորդների աջակցման գործառույթներ,
  • Volvo Car-ի ընտրված մանրածախ վաճառողներ՝ ծառայությունների թվային ամրագրման համար և Volvo Valet, և
  • բաժանորդագրության հաշիվ-ապրանքագրի մշակում:

Այդ կազմակերպությունները, իրենց հետ կնքված տվյալների մշակման համաձայնագրերի պահանջների համաձայն, Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործել միայն մեզ համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով: Որոշ դեպքերում անձնական տվյալներ մշակող կազմակերպությունների ծառայությունների օգտագործումը ներառում է նաև անձնական տվյալների սահմանափակ փոխանցում Եվրոպական Միության սահմաններից դուրս: Մենք ձեռնարկել ենք նախազգուշության անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ նման փոխանցումները կատարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարունակեն այնպիսի տվյալներ, որոնք չեն կարող օգտագործվել Ձեզ ուղղակիորեն նույնականացնելու համար՝ նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը դրանց չլիազորված բացահայտման դեպքում:

Համօգտագործում Volvo Car Group խմբի այլ անդամների հետ

2.6 և 2.7 բաժիններում նշված տվյալները տրամադրվում են մեր վաճառքի ազգային ընկերությանը այն երկրում, որում այդ տվյալները ծագում են, հետևյալ նպատակներով.

  • Մանրածախ վաճառողի գործունեության գնահատում,
  • Հաճախորդների աջակցում,
  • Մարքեթինգային սեգմենտավորում
  • Բաժանորդագրությունների երկարացումների և վերաակտիվացումների գնահատում:

Համօգտագործում այլ երրորդ կողմերի հետ (առանձին վերահսկիչներ)

Մենք վճարումներն իրականացնում ենք երրորդ կողմերի միջոցով, որոնք վճարման տվյալները հավաքագրում են անմիջապես Ձեզանից և դրանք մեզ չեն տրամադրում.

  • Stripe Inc. (վճարման, բիլինգի, հաշիվ-ապրանքագրերի ներկայացման և բաժանորդագրության կառավարման ծառայությունների մատակարար): Կարող եք այդ կազմակերպության գաղտնիության քաղաքականությունը դիտել https://stripe.com/en-se/privacy հղումով:

Volvo Cars հավելվածն օգտագործում է Google Maps-ը՝ Ձեր և Ձեր մեքենայի գտնվելու վայրը ցուցադրելու համար: Կարող եք այդ կազմակերպության գաղտնիության քաղաքականությունը դիտել https://policies.google.com/privacy հղումով:

4. Անձնական տվյալների մշակմանը վերաբերող Ձեր իրավունքները

Հանդիսանալով անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք ունեք Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով նախատեսված որոշակի օրինական իրավունքներ մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման առնչությամբ: Այս իրավունքները հակիրճ նկարագրված են ստորև, և Դուք կարող եք օգտվել դրանցից՝ ստորև բերված հատուկ ձևաթուղթը լրացնելու միջոցով:

  1. Համաձայնությունը hետ կանչելու իրավունք. Եթե Դուք նախկինում տրամադրել եք Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնություն, ապա կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը, ինչը սակայն չի ազդի նախկինում տրամադրված տվյալների վրա:
  2. Ձեր անձնական տվյալների մուտքի իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների վերաբերյալ, որոնք մենք պահպանում ենք: Նման պահանջի դեպքում մենք Ձեզ կտրամադրենք Ձեր անձնական տվյալների մեկ օրինակ: Եթե Դուք պահանջեք Ձեր անձնական տվյալների լրացուցիչ օրինակներ, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից գանձենք խելամիտ գումար, որը պայմանավորված է կատարվող ադմինիստրատիվ ծախսերով: Եթե Դուք պահանջեք տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման մասին և պարզեք, որ Ձեր անձնական տվյալները փոխանցվում են որևէ երկիր, որը գտնվում է Եվրամիությունից և Եվրոպական տնտեսական գոտուց դուրս, ապա Դուք կարող եք մեզանից պահանջել տեղեկատվություն այն միջոցների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք նման փոխանցման ժամանակ Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար:
  3. Ուղղելու իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել ուղղել Ձեզ վերաբերող սխալ կամ ոչ լիարժեք անձնական տվյալները: Մենք ձեռնարկում ենք խելամիտ միջոցներ մեր տիրապետության կամ վերահսկողության տակ գտնվող և շարունակաբար օգտագործվող անձնական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, արդիականությունը և համապատասխանությունը ապահովելու համար՝ մեզ հասանելի ամենավերջին տեղեկությունների հիման վրա:
  4. Սահմանափակման իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե.
    1. վիճարկել եք Ձեր անձնական տվյալների ճշգրտությունը՝ այնպիսի ժամանակահատվածով, որը մեզ անհրաժեշտ է դրանց ճշգրտությունը հաստատելու համար,
    2. տվյալների մշակումն անօրինական է, և Դուք մեզանից պահանջում եք սահմանափակել մշակումը, ոչ թե ջնջել Ձեր անձնական տվյալները,
    3. մեզ Ձեր անձնական տվյալները մշակելու նպատակով այլևս անհրաժեշտ չեն, սակայն դրանք Ձեզ հարկավոր են իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար, կամ
    4. Դուք առարկում եք անձնական տվյալների մշակմանը, քանի դեռ մենք պարզում ենք, թե արդյոք մեր իրավական հիմքերը գերակայում են Ձեր իրավական հիմքերի նկատմամբ:
  5. Տեղափոխելիության իրավունք. Դուք իրավունք ունեք ստանալ Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, ինչպես նաև պահանջել, որ մենք փոխանցենք Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, այլ կազմակերպություններին (եթե դա տեխնիկապես իրագործելի է), եթե.
    1. մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք ավտոմատացված միջոցներով,
    2. մենք Ձեր անձնական տվյալների մշակումը իրականացնում ենք Ձեր համաձայնության հիման վրա, կամ Ձեր անձնական տվյալների մեր կողմից մշակումն անհրաժեշտ է այնպիսի պայմանագրի կատարման համար, որի կողմ եք հանդիսանում նաև Դուք,
    3. Ձեր անձնական տվյալները մեզ տրամադրվել են Ձեր կողմից, և
    4. Ձեր Տեղափոխելիության իրավունքը բացասական ազդեցություն չունի այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա:
    Դուք իրավունք ունեք Ձեր անձնական տվյալները ստանալ կառուցվածքավորված, տարածված և էլեկտրոնային սարքերի համար ընթեռնելի ձևաչափով: Ձեր անձնական տվյալները ստանալու Ձեր իրավունքը չպետք է բացասական ազդեցություն ունենա այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա: Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք Ձեր անձնական տվյալները փոխանցենք այլ կազմակերպություններին միայն այն դեպքում, եթե նման փոխանցումը տեխնիկապես հնարավոր է:
  6. Ջնջելու իրավունք. Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալները: Մենք պետք է կատարենք այդ պահանջը, եթե մշակում ենք Ձեր անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ նման մշակումն անհրաժեշտ է.
    1. կարծիքների արտահայտման և տեղեկատվության տարածման մեր ազատությունից օգտվելու համար,
    2. որևէ իրավական պարտավորություն կատարելու համար, որը պահանջում է մշակում մեր վրա տարածվող Միության կամ Անդամ երկրի օրենքի կողմից,
    3. արխիվացման նպատակներով՝ հանրային շահերից ելնելով, գիտական կամ պատմական հետազոտություն իրականացնելու նպատակներով, վիճակագրական նպատակներով, կամ
    4. իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար:
  7. Առարկելու իրավունք. Դուք ցանկացած պահի կարող եք առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը որոշակի իրավիճակից ելնելով՝ պայմանով, որ մշակումն իրականացվում է ոչ թե Ձեր համաձայնության, այլ մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի հիման վրա: Նման դեպքերում մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, բացառությամբ եթե կարող ենք ներկայացնել օրինական հիմքեր և նախապատվության իրավունք՝ նման մշակում իրականացնելու կամ իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար: Եթե Դուք առարկում եք տվյալների մշակմանը, ապա խնդրում ենք նշել, թե արդյոք ցանկանում եք նաև ջնջել Ձեր անձնական տվյալները: Հակառակ դեպքում մենք միայն կսահմանափակենք տվյալների օգտագործումը: Դուք նաև ցանկացած պահի, պատճառներից անկախ, կարող եք առարկել ուղիղ մարքեթինգի նպատակով Ձեր անձնական տվյալների մշակմանը (ինչը ներառում է նաև նման ուղիղ մարքեթինգին առնչվող պրոֆիլավորումը)՝ պայմանով, որ տվյալների մշակումը կատարվում է մեր օրինական շահերի հիման վրա: Եթե մարքեթինգը կատարվում է Ձեր համաձայնության հիման վրա, ապա Դուք կարող եք հետ կանչել այդ համաձայնությունը (տե՛ս վերևում):
  8. Բողոք ներկայացնելու իրավունք. Դուք կարող եք ներկայացնել բողոք անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեղական կամ ցանկացած այլ ԵՄ մարմնին: Սակայն մենք երախտապարտ կլինենք Ձեզ, եթե նախ կապ հաստատեք մեզ հետ և փորձեք լուծել խնդիրը: Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև:

Կարող եք օգտվել մեր նկատմամբ ունեցած Ձեր իրավունքներից՝ լրացնելով այս ձևաթուղթը (նախ՝ ընտրեք Ձեր երկիրը կամ տարածաշրջանը, ապա բացեք և լրացրեք առցանց ձևաթուղթը), որը մեզ կօգնի պատշաճ ընթացք տալ Ձեր հարցմանը: Առցանց ձևաթուղթը պարունակում է տեղեկատվություն, որը մեզ անհրաժեշտ է՝ Ձեր ինքնությունը պարզելու և Ձեր հարցումը դիտարկելու համար: Հեռախոսով կամ էլ. փոստով ներկայացվող հարցումների դեպքում Դուք պետք մեզ տրամադրեք բավականաչափ տեղեկատվություն, որը մեզ թույլ կտա համոզվել, որ Դուք այն անձն եք, ում անձնական տվյալները մենք հավաքագրել ենք, ինչպես նաև պետք է ներկայացնեք Ձեր հարցումը հնարավորինս մանրամասն, ինչը մեզ թույլ կտա ճիշտ գնահատել և պատասխանել դրան: Եթե տվյալների հասանելիության և ջնջման հարցումների դեպքում տրամադրված տեղեկատվությունը մեզ թույլ չտա հաստատել Ձեր ինքնությունը, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից պահանջենք լրացուցիչ տեղեկատվություն:

Դուք կարող եք օգտագործել այս իրավունքները սույն ծանուցման մեջ նշված բոլոր համատեղ վերահսկիչների նկատմամբ:

5. Կոնտակտային տվյալներ

Ձեր իրավունքներից օգտվելու համար կարդացեք 4-րդ բաժինը վերևում: Եթե Դուք ունեք անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր, կարող եք դիմել մեզ հետևյալ կոնտակտային տվյալներով.

Volvo Car Corporation

Փոստային հասցե. Assar Gabrielssons väg, SE-405 31, Gothenburg, Sweden

Էլ. հասցե. globdpo@volvocars.com

6. Գաղտնիության մասին ծանուցման մեջ փոփոխությունների կատարում

Մենք իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ ցանկացած պահի փոփոխել անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մեր ընթացակարգերն ու կանոնները և թարմացնել կամ փոփոխություններ կատարել գաղտնիության մասին այս ծանուցման մեջ: Այս ծանուցման մեջ զգալի փոփոխություններ կատարելու դեպքում (հատկապես՝ եթե այս ծանուցումն ընկած է Ձեր համաձայնության հիմքում), մենք Ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին: Գաղտնիության մասին այս ծանուցումը գործում է փաստաթղթի վերևի հատվածում նշված ամսաթվի դրությամբ: